Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճգնաժամ Իրանում՝ ինչո՞ւ է Համենեին գրոհում Ռոհանիին

Ճգնաժամ Իրանում՝ ինչո՞ւ է Համենեին գրոհում Ռոհանիին
22.03.2017 | 10:14

Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլա Ալի Համենեին շնորհավորել է իրանցիների Նովրուզը և քննադատել տնտեսական վիճակը երկրում: «Դառը և բարդ իրադարձություններն անցյալ տարի հիմնականում կապված էին երկրի տնտեսական վիճակի հետ, մարդկանց գոյության միջոցները չէին բավարարում: Պետությունը քայլեր ձեռնարկեց այս խնդիրների լուծման համար, բայց այդ քայլերը ոչ իմ սպասումները բավարարեցին, ոչ ժողովրդի»՝ հայտարարեց Համենեին: Նա նաև հավելեց, որ «Նոր տարում պետությունը պետք է կենտրոնանա տնտեսական սեկտորի զարգացման վրա, հատկապես տնտեսության առանցքային ոլորտի՝ ներքին արտադրության վրա»: Ավելի վաղ այաթոլան արդեն քննադատել էր տնտեսության աճի դանդաղ տեմպերը, միաժամանակ ցույց տալով նախագահ Հասան Ռոհանիի ձախողումները: Նա, ի դեպ, նախագահի թեկնածու է (ընտրությունները մայիսի 2-ին են): «Ելույթներ ունենալ և թվեր ցույց տալը լավ է,- ճշտում էր Համենեին,- բայց դա չի ազդում մարդկանց կյանքի վրա միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: Մենք բողոքներ ենք լսում մարդկանցից: Մարդիկ պետք է զգան իրավիճակի բարելավումը, աշխատատեղերի ավելացումը և արտադրության մեծացումը: Սակայն դա չկա»:


Զարմանալի է, բայց փաստ, որ Համենեիի գրոհները Ռոհանիի վրա ժամանակագրությամբ համընկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական հայտարարությունների հետ, որ բացի Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց, վեցյակի և Իրանի միջուկային համաձայնագիրը որակեց «վատ գործարք»: Այդպիսով, Իրանի բարձրագույն ղեկավարը փորձում է քողազերծել, իր տեսակետից, Արևմուտքում ու երկրում գոյություն ունեցող միֆը, որ «Ռոհանին ապահովել է երկրի դրական տնտեսական դինամիկան, սկսել է բարեփոխումները, կարողացել է երկիրը անցկացնել արտաքին խնդիրների բարդ լաբիրինթոսով»՝ իրանցիներին խոստանալով, որ Արևմուտքի հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը «արագ կհանգեցնի երկրի ծաղկմանը»: Այդ դեպքում հարց է ծագում՝ ո՞ւմ օգտին է քաղաքականություն վարում ինքը՝ Համենեին: Խնդրահարույց է, որ Իրանը տեղեկատվական առումով նախկինի պես փակ երկիր է մնում, այդ պատճառով ռուս և արևմտյան մասնագետներից շատերը, փորձելով նկարագրել ուժերի ներքին դասավորությունը, օգտագործում են ընդհանուր քաղաքագիտական հասկացություններ՝ պահպանողականներ, լիբերալներ, կենտրոնամետներ, չափավոր պահպանողականներ կամ չափավոր լիբերալներ: Իսրայելցի առաջատար մասնագետներից Վլադիմիր Մեսամեդը համարում է, որ այդ ուժերի միջև հստակ սահմանագիծ անցկացնելը շատ դժվար է, որովհետև ելակետ է ընդունվում գլխավորապես իրանցի քաղաքական գործիչների ելույթների վերլուծությունը, փոփոխվող մարտավարությունը և ներքին կամ արտաքին քաղաքական խնդրին այս կամ այն մոտեցումը: Հաճախ հնարավոր չէ տարբերություն գտնել իրանցի պահպանողականների ու լիբերալների միջև: Ռոհանին «իր կառավարության գլխավոր ձեռքբերում» է ներկայացրել ու ներկայացնում միջուկային համաձայնագիրը, որ մի ժամանակ չէր հերքում և Համենեին: Հիմա նախագահի դիրքորոշումը միջուկային հարցում փոխվել է, խնդիրը սկսել է երկրորդ պլան մղվել, որ փորձագետները գնահատում են իբրև «պահպանողականների հաղթանակ»:

Իհարկե, դա Իրանի իշխող դասի ներսում դաժան պայքարի նշան է, բայց այդ պայքարի սյուժեն այնքան էլ պարզ չէ: Կա ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկու վարկածը, որ պահպանողականների ու լիբերալների միջև քաղաքական, գուցե անգամ գաղափարական պայքարից բացի, Իրանում պայքար է մղվում այս կամ այն խմբի իշխող դիրքերի պահպանման համար տնտեսության մեջ՝ մոդեռնացման ընդհանուր քաղաքականության մեջ: Այստեղից էլ նախագահի թեկնածու գտնելու փորձերը, որ Ռոհանիին հաղթելու շանս կունենար: Միևնույն ժամանակ Համենեիի իրավահաջորդի հարց է դրվում, որ ինչ-որ չափով բացատրում է նրա ներկա գրոհները նախագահի վրա, նրան իր կողմնակիցով փոխարինելու փորձը: Ո՞վ է նա՝ դժվար է ասել: Պետք չէ մոռանալ, որ Իրանի նախագահը 2013-ին նախագահական ընտրություններում հաղթել է 51 %-ով, իսկ պահպանողական չորս թեկնածուները միասին ստացել են ձայների 40 %-ը: 2017-ի հունվարին Մերիլենդի համալսարանի հարցման տվյալներով, Ռոհանիին աջակցում են 50 %-ից քիչ: Հարցման տվյալներով՝ տասը հարցվածներից վեցը կարծում է, որ տնտեսությունը վատ վիճակում է, նախագահի պաշտոնակալությունից հետո առաջին անգամ մեծամասնությունը հաստատում է, որ կյանքը վատացել է: Կարևոր է, որ Ռոհանիի վրա գրոհները կազմակերպվում են էթնիկ դիրքերից, որ կարող է սասանել Իրանը ներսից միանգամայն անսպասելի սցենարով: Նախ որոշ պատգամավորներ առաջարկեցին մայրաքաղաքը Թեհրանից Թավրիզ կամ այլ քաղաք տեղափոխել: Պաշտոնական պատրվակը ակնհայտ է՝ սարսափելի բնապահպանական վիճակը, օդի աղտոտվածության և հաճախակի փոշեքամիների պատճառով: Ովքեր եղել են Իրանում, չեն կարող լսած չլինել փոշեքամիների մասին, որ ծածկում են ամբողջ երկիրն ու մայրաքաղաքը: Նրանք, որ տեսել են այդ բնական երևույթը, երկար կհիշեն փոշու վիթխարի մուգ դեղին պատերը, որ գալիս են քաղաքի վրա, երբ օրը գիշեր է դառնում, անջատվում է էլեկտրականությունը, տեսանելիությունը դառնում է զրո և ճնշող հոգեվիճակ է սկսվում: Իսկ ոչպաշտոնական պատրվակ որոշ փորձագետներ համարում են թեոկրատիկ իշխանության՝ սեփական դիրքերը ուժեղացնելու ձգտումը իրանական Ադրբեջանում կամ Քրդստանում, որ «կանխեն Իրանի տրոհումը սովետական ճանապարհով»:

Իրանագետ Ելենա Դունաևան կարծում է, որ Իրանի ֆինանսական պատճառներով դեռ երկար մայրաքաղաքի տեղափոխումը ռեալ չի թվում, սակայն խոսքը քար չէ, ասվեց՝ գլորվում է: Օրերս խորհրդարանի պատգամավոր Սալման Հոդադադին հայտարարեց. «Օդի աղտոտվածությունը, ջրի պակասը և փոշու փոթորիկները մեր երկրի գլխավոր խնդիրներից են առաջիկա տարիներին: Իսկ ՈՒրմիա լճի ցամաքելը լուրջ սպառնալիք է այդ տարածքներում ապրողների համար: Նրանք դժգոհ են, համարում են, որ կառավարությունը չի կարողանում իրենց խնդիրները լուծել: Բնապահպանական պատճառներով բնակչությունը զանգվածաբար փախչում է այդ տեղերից: Եթե այս հարցերը չլուծվեն, Ադրբեջան ու Խուժիստան նահանգներում տնտեսական գործունեությունը և աշխատատեղերը կտրուկ կկրճատվեն, որ պատճառ կդառնա նահանգների բնակչությամ կտրուկ մարգինալացման, իսկ նրանք 11−18 միլիոն են»: ՈՒրմիա լճի խնդիրը, որ իրոք արագ ծանծաղում է և կարող է երկրորդ Արալյան ծովի վերածվել, վաղուց Իրանում քաղաքական բարոմետր է դարձել, որ չափում է երկրում ապրող էթնիկ փոքրամասնությունների՝ ադրբեջանցիների ու քրդերի տրամադրություները: Եվս մեկ տարօրինակ համընկնում՝ NASA գործակալությունը վերջերս հրապարակել է տիեզերքից արված լուսանկարների շարք՝ «Փոփոխությունների լուսանկարներ», որ ցույց են տալիս վերջին տասնամյակներին Երկրի տպավորիչ փոփոխությունները: Չորրորդ լուսանկարում ՈՒրմիա լիճն է: NASA-ի մեկնաբանության մեջ նշվում է, որ ջրային հայելու կրճատումը հանգեցնում է տարածաշրջանի բնակչության թվի կրճատման: Ադրբեջանական ծագմամբ իրանցի որոշ փորձագետներ և նրանց բաքվեցի գործընկերները հակված են համարել, որ Թեհրանն իբր գիտակցաբար լճի բնապահպանական խնդիրների միջոցով ձգտում է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական կազմը: Այս թեմատիկան սպեկուլյատիվ է՝ ՈՒրմիայի խնդիրները կլիմայի փոփոխություններով են պայմանավորված: Բայց այս տարածքում ապրող ադրբեջանցիները հակված են ամեն ինչում մեղադրել Թեհրանին, որ իրենց կարծիքով «անգործության է մատնված լիճը փրկելու հարցում», որ ճիշտ չէ: Մի քանի տարի առաջ Թեհրանը դիմեց Ադրբեջանին՝ խնդրելով թույլ տալ Արաքսի ջրերի մի մասն օգտագործել ՈՒրմիան փրկելու համար, բայց Բաքուն մերժեց: Թեհրանը և այլ ծրագրեր ուներ, բայց խնդիրը հանել, ավելի ճիշտ՝ ապաքաղաքականացնել, մինչև հիմա չի հաջողվել: Իրանի ադրբեջանցիները զգուշանում են, որ իրենց կառաջարկվի երկրի այլ շրջաններ տեղափոխվել:

Իրանում այդպես են դիրքավորվում ուժերը, որ ակտիվանում են դեպքից դեպք և օգտագործում են բնապահպանական խնդիրը իբրև պետության ներսում կենտրոնախույս ուժերի ուժեղացման գործիք՝ կոչ անելով դիտարկել «ադրբեջանական պրոբլեմը» Իրանում «արաբական գարնան» ենթատեքստում: Ավելին՝ համեմատաբար վերջերս սկսեց տարածվել տեղեկություն, որ ՈՒրմիա լճի շրջան, Թուրքիայի ու Հարավային (Իրանական) Ադրբեջանի սահման են տեղափոխվում էթնիկ քրդեր, որ ադրբեջանցի թուրքերին համարում են «հյուրեր»: Իրանը մայիսի 2-ին պիտի ոչ միայն նախագահական ընտրությունները հաղթահարի, այլև պահպանի ներքաղաքական կայունությունը և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Կհաջողվի՞:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Այնուամենայնիվ՝ ինչո՞ւ է Իրանի հոգևոր առաջնորդը քննադատում նախագահին, եթե վեցյակի հետ գործարքն ինքն էլ ընդունել է: Որովհետև Օբամայից հետո եկավ Թրամփը ու այս հարցում հակառա՞կ քաղաքականություն է վարում, բայց ի՞նչ կապ ունի դա Ռոհանիի հետ: Նախագահին քննադատելով ու ակնարկելով, որ կարող է նախագահական ընտրություններում իշխանության գալ ոչ թե բարեփոխիչ, այլ պահպանողական թեկնածու, Համենեին զգուշացնո՞ւմ է, որ Իրանում ևս կարող է իրավիճակ փոխվել: Իսկ դա ի՞նչ կտա Իրանին: Որքանո՞վ կնպաստի կենսամակարդակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, արտադրության մեծացմանը: Իրանի նախագահական ընտրությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են, Հասան Ռոհանիի երկրորդ պաշտոնավարումը հնարավորություն կտա շարունակել արդեն ուրվագծվող ծրագրերը, իսկ նոր նախագահի հետ ամեն ինչ պետք է սկսել նորից ու հայտնի է, որ ուղղությամբ իրավիճակը կզարգանա: Իրանում ու աշխարհում՝ հաշվի առնելով Իրանի ներգրավվածությունը տարածաշրջանի ռազմական կոնֆլիկտներում ու տնտեսական ծրագրերում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ